...
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
-Պրոկտոլոգիական հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են և այդ հիվանդությունների շարքում տարածվածությամբ աչքի է ընկնում «պոչուկի կիստա» կոչվող՝ էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում հիվանդությունը։
Ինչո՞վ է առանձնանում նշված հիվանդությունը:
-Ձեր նշած պոչուկային կիստա հիվանդությունը, որը, ճիշտ նշեցիք, բժշկական լեզվով կոչվում է էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում, բնածին հիվանդություն է, որը պայմանավորված է պտղի պոչային ծայրի զարգացման թերությամբ: Մաշկի տակ էպիթելով պատված ուղի է մնում: Ավելի պարզ բացատրեմ՝ պոչուկային հատվածում մաշկի շերտի տակ ևս մի նման շերտ է մնում, որի վրա շարունակում են բնականոն ձևով մազեր աճել: Երեխայի աճի ընթացքում հիվանդությունը մեծամասամբ չի անհանգստացնում, խնդիրները սկսվում են հասունացման շրջանից: Հիվանդությունը սկսում է արտահայտվել սեռական հասունացման շրջանում, երբ ուղիների լուսանցքում սկսում է ակտիվ մազեր աճել: Վիճակագրական տվյալներով հիվանդությունը հատկապես տարածված է 15-30 տարեկան մարդկանց շրջանում: Նշեմ, որ տղամարդկանց մոտ այդ հիվանդությունը ախտորոշվում է 3 անգամ ավելի հաճախ, քան կանանց մոտ:
-Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը։
-Սեռական հասունացման ընթացքում ճարպագեղձերն ու քրտնագեղձերը սկսում են ակտիվ աշխատել, որի արդյունքում պոչուկի էպիթելային ուղիներում, որտեղ մազեր են աճում, արտադրուկներ են կուտակվում: Հայտնի է, որ այդ հատվածը լի է միկրոֆլորայով, որը ստեղծում է նպաստավոր պայմաններ բորբոքման առաջացման համար: Ինֆեկցիան թափանցում է առաջնային անցքերի միջոցով, որոնք գտնվում են սրբոսկրապոչուկային հատվածում և ինֆեկցիայի ներթափանցման դարպասներն են համարվում: Հիվանդության ի հայտ գալուն նպաստում է գերքրտնարադրությունը, թանձր մազածածկույթի առկայությունը, պոչուկի հատվածի վնասվածքը, նստակյաց կյանքն ու աշխատանքը (օրինակ՝ վարորդներ), ինչպես նաև ավելորդ քաշի առկայությունը:
-Ինչպե՞ս է արտահայտվում ու ախտորոշվում հիվանդությունը, ենթադրվում է արդյո՞ք երկարատև ախտորոշման գործընթաց, բազմաթիվ անալիզներ և այլն:
-Հիվանդության և՛ սուր, և՛ խրոնիկական դեպքերում ճիշտ ու հստակ ախտորոշման դժվարություն պրոկտոլոգի համար չկա, բավարար է սրբոսկրապոչուկային հատվածի վիզուալ զննումը, երբ վիրաբույժն ախտորոշում է պոչուկի կիստայի առաջնային անցքերը, թարախակույտի առկայությունը սուր դեպքերում, և խուղակի առկայությունը խրոնիկ դեպքերում:
Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար, հիվանդը կարող է զգալ ընդհանուր թուլություն, պոչուկի հատվածում այտուցվածություն, ուժեղացող ցավ, շարժումների սահմանափակում, հնարավոր է նաև երեկոյան ժամերին ջերմության բարձրացում:
Այս նկարագրումը համապատասխանում է պոչուկի էպիթելային ուղիների սուր բորբոքում ախտորոշմանը:
Քանի որ գործ ունենք թարախակույտի հետ, ապա այն պետք է ամեն դեպքում բացազատվի: Պրակտիկան ցույց է տալիս, որ թարախակույտը կարող է ինքնաբացազատվել՝ հիվանդի երկարատև տառապանքներից ու ցավերից հետո: Բացազատման փորձերի հաճախ դիմում են տնային պայմաններում՝ օգտագործելով զանազան ժողովրդական միջոցներ: Թարախակույտի բացազատում տեղի է ունենում նաև բժշկական միջամտության շնորհիվ, սակայն ցանկանում եմ այստեղ շեշտել եւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ թարախակույտի բացազատումը հիվանդության բուժումը չէ՝ տեղափոխություն է սուր վիճակից՝ խրոնիկ: Հիվանդության խրոնիկ վիճակը ենթադրում է պոչուկի հատվածում արդեն գոյություն ունեցող թարախակույտի պարբերական ինքնաբացազատում և թարախային հոսք խուղակային անցքերից:
-Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում հիվանդության (պոչուկի կիստա) բուժման ի՞նչ տարբերականեր կան:
-Այստեղ առանց երկմտելու կարող եմ միանշանակ ասել, որ հիվանդության բուժումը միայն վիրահատական է: Հեռացվում է բորբոքման հիմնական աղբյուրը՝ Էպիթելային խողովակները բոլոր առաջնային անցքերի հետ: Եթե առաջացել է բորբոքում, ապա հեռացվում է ուղին՝ հարակից փոփոխված հյուսվածքների և երկրորդային խուղակների հետ միասին: Սա նշանակում է արմատական վիրահատական բուժում: Հարկ եմ համարում նշել, որ կա տարածված տեսակետ, որ սուր դեպքերում՝ թարախակույտի առկայության դեպքում վիրահատական տարբերակի դիմում են թարախակույտը բացազատելուց հետո: Սակայն ուզում եմ նշել, որ մեր բաժանմունքում երկար տարիների հիվնադության բուժման փորձից ելնելով մշակվել է մեթոդ, երբ արմատական վիրահատությունը կատարվում է որոշ սուր դեպքերում՝ թարախակույտի առկայության պարագայում:
Ալեքսանդր Ղուրբանյան,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ընդհանուր պրոկտոլգիայի վիրաբույժ-պրոկտոլոգ
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYtUYze9' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384